Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար… ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ «հաճույք»: Եվ թող առաջինը ջրի դատարկ շիշ նետի նվաստիս վրա նա, ով կասի, թե այդպես չէ: Ինչպե՞ս թե՝ «այդպես չէ»: Մեզանից ո՞վ չի երազել ապրել հեքիաթային պայմաններում: Խնդրեմ, Հայաստանի իրականությունը մի՞թե հեքիաթային իրականություն չէ: Ուզո՞ւմ ես՝ «Քաջ Նազարն» է, աջ ես թեքվում՝ «Անբան Հուռին», ձախ ես թեքվում՝ «Կացին ախպերը», հետ ես նայում՝ «Անխելք մարդը», ու այդպես շարունակ:

Մի ժողովրդական հեքիաթ էլ կա՝ «Թագավորի հարկը»: Ուրեմն, թագավորն իր իմաստունների խորհրդով նորանոր հարկեր է սահմանում՝ խազնեն, նույն ինքը՝ պետական գանձարանը լցնելու համար. փինաչիության հարկ, անվան և կնոջ անվան համար հարկ, ճաղատության ու վերջապես՝ էշ ունենալու հարկ: Ինչո՞վ է պակաս մեր իրականությունից: Դա արդեն նույնիսկ հեքիաթ չէ, այլ… վավերագրություն: Փաստավավերագրություն:

Չէ, լուրջ, երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, թիմակիցներին, կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականներին, բոլորը միաբերան հենց այն են ասում, թե պետք է այս ու այն վճարել, նորանոր հարկերը պետք է վճարել, բարեկամիդ փոխանցում անելու համար էլ պիտի հարկ վճարել, պետք է կարմիր գծերի համար վճարել, կապույտ գծերի համար էլ, իսկ սայլավարձը, կներեք, ուղեվարձը պետք է երեք անգամ թանկանա: Դե, քաղաքացին վաղուց «տուգանքի մատերիալ» է:

Իսկ իշխանականներն ասում են, որ պետք է թանկացած ամեն ինչի համար վճարել, բարձրացված, հորինված հարկերը վճարել, որպեսզի… լավ ապրենք:

Գիտեք, ինչ-որ տեղ չեն կեղծում: Նույնիսկ շատ ճիշտ են ասում: Իրենք ուզում են, որ «հպարտ քաղաքացիները» վճարեն, որպեսզի իրենք՝ փաշինյանական իշխանավորները, լավ ապրեն: Իսկ թե ինչ կլինի «հպարտ քաղաքացիների» հետ, դա արդեն, կներեք, Փաշինյանին ու քպականներին չի հետաքրքրում:

Կարճ ասած՝ երբ նրանք խոսում են «լավ ապրելու» մասին, այդ իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի»:

Տեսանյութեր

Լրահոս