Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը թույլ կտա Թրամփին վերընտրվել երրորդ ժամկետով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Էնդի Օգլսը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել երրորդ ժամկետի համար: Այս մասին հաղորդում է CNBC-ն։ ԱՄՆ սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ ոչ մի նախագահ իրավունք չունի պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։

Թրամփի երկրորդ երդմնակալությունը կայացել է 2025 թ. հունվարի 20-ին։ Նա ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2017-2021 թվականներին։ Ըստ Օգլսի՝ հարկավոր է Թրամփին տալ անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ ուղղելու նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սկիզբ դրած «աղետալի ուղին» և վերականգնելու Ամերիկայի հզորությունը։ Նա առաջարկում է վերանայել Սահմանադրության 22-րդ փոփոխության սահմանափակումը և թույլ տալ ԱՄՆ նախագահներին վերընտրվել երրորդ անգամ։

CNBC-ն նշում է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմոկրատներին գերակշռում են ընդամենը երեք մանդատով։ Դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկեն Օգլսի նախաձեռնությանը։1947 թվականին  ներկայացված և 1951 թվականին հաստատված 22-րդ փոփոխությունն ընդունվել է, որպեսզի երկրում չկրկնվի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի աննախադեպ ընտրությունը չորրորդ ժամկետով։

Ռուզվելտը ԱՄՆ միակ նախագահն է, որն ընտրվել է երկուսից ավելի ժամկետով։ Նա մահացել է 1945 թվականին՝ իր չորրորդ երդմնակալությունից գրեթե երեք ամիս անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս