ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ Օվերչուկի գնահատականները քննարկե՞լ եք իր հետ. Գևորգյան

Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին մեր առևտրաշրջանառությունը բացի ՌԴ–ից, ակտիվացել է նաև Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ, ի՞նչ նոր հնարավորություններ կարող է բացել ԵՄ–ին անդամակցության այս նոր նախաձեռնությունը։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը, հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«ՀՀ ԱԳՆ-ում կամ համապատասխան այլ կառույցներում արդյոք գնահատվե՞լ են առաջիկա զարգացումների տեսնակյունից աշխարհաքաղաքական նոր ռիսկերը։ Արդյոք այս նախաձեռնությունը նոր և ավելի ընդգրկուն թափ կհաղորդի՞, օրինակ` «3+3» ձևաչափին և կմոտիվացնի՞ Վրաստանին դառնալու այդ ձևաչափի անդամ»,– հարցրեց Գևորգյանը հարակից զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին։

Փախնախարար Հովհաննիսյանը նշեց, որ նման քննարկումներ ծավալում են և ունեն դինամիկա Չինաստանի և Հնդկաստանի հետ։

«Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով։ Մեր բոլոր նախաձեռնություններում ապահովում ենք մեր ազգային շահերը։ Այս իրավիճակները ընթացքում կպահանջեն նաև նոր մոտեցումներ»,– հայտարարեց փոխնախարարը։

Արմեն Գևորգյանը նրանից հետաքրքրվեց նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից գնահատականների մասին` հետաքրքրվելով` արդյոք հնարավորությո՞ւն եղել է, որ հայկական կողմը պաշտոնական խողովակներով քննարկի նրա հնչեցրած գնահատականները։

Պարույր Հովհաննիսյանն այդ առումով հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ունեցած հանդիպումն ու հայտարարությունը, որ բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում, և հարց չէր մնացել, որի շուրջ չլիներ փոխըմբռնման մթնոլորտ։

«Նման իրավիճակներ բազմաթիվ անգամներ ստեղծվել են մեր արտաքին քաղաքականության մեջ։ Կան ընդունված կանոններ, գործընթացներ, սակայն ՀՀ–ի դեպքում մի շարք հաջողված փորձեր վկայում են, որ ամեն ինչ սև և սպիտակ չէ»,– ընդգծեց փոխնախարարը։
Գևորգյանին զարմացրեց նրա պատասխանը։

«Ես ձեր խոսքից հասկացա, որ ռուսական կողմն ամբողջովին ըմբռնումով է մոտցել ԵՄ–ի հետ այս նախաձեռնությանը և ինչ–որ տեղ հավանություն է տվել»,– ժպիտով ավելացրեց նա։

Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն իր ելույթի ժամանակ առաջարկեց ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներին դրական եզրակացության տալ ԵՄ–ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին այս նախագծին։

Տեսանյութեր

Լրահոս