ԵԱՏՄ-ն հանդուրժելո՞ւ է, որ Հայաստանը փորձի անդամակցել ԵՄ-ին. Հասկանո՞ւմ ենք՝ ինչ փորձության մեջ ենք հայտնվելու. Գևորգյանը՝ Զեյնալյանին

ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ԱԺ-ում ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով քննարկման ժամանակ, դիմելով զեկուցող Արտակ Զեյնալյանին՝ ասաց, որ այս պահի դրությամբ ԵՄ անդամակցության թեկնածու 9 պետություն գոյություն ունի՝ Թուրքիան և մի շարք պետություններ։

«Թուրքիայի բանակցությունները, եթե չեմ սխալվում, ընթանում է 1987թ․-ից և վերջին՝ 2022թ․-ին, անդամակցության թեկնածուներ են դարձել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը։ Եթե ճիշտ եմ հիշում, ապա այդ երկրներից որևէ մեկը անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակ չեն եղել որևէ մաքսային միության անդամ, այսինքն՝ նման խնդիրներ չեն ունեցել։ Օրինակ, Բալթիկ երկրները, երբ դարձել են ԵՄ անդամ, դուրս են եկել Սովետական միությունից՝ փլուզված և որևէ միության անդամ չեն եղել։ Մեր դեպքում կա պատմական իրողությունը՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և ԵԱՏՄ անամ լինելով հայց ենք ներկայացնում։ Օրենքն ընդունելուց հետո որքա՞ն կարող է տևել այդ քաղաքական գործընթացը՝ մինչև հանրաքվեի նշանակվելը՝ 10 տարի, 15 տարի։

Եթե այդ ընթացքում մենք ամբողջ պետական ռեսուրսով պատրաստվելու ենք մտնեն ԵՄ, այդ ընթացքում շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ անդամ, առաջնորդվելու ենք իրենց մոտեցումներով, քաղաքականությամբ, ԵԱՏՄ-ն էլ շարունակելո՞ւ է հանդուրժել դա»,- հետաքրքրվեց Արմեն Գևորգյանը։

Ի պատասխան՝  Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, այն ստանդարտները, որ գործում են ԵՄ-ում, շատ ավելի բարձր ստանդարտներ են և, եթե ՀՀ արտադրանքը համապատասխանի այդ ստանդարտներին, ապա դրա մեջ կլանված կլինի ԵԱՏՄ ստանդարտները։

Արմեն Գևորգյանն էլ՝ արձագանքելով հակադարձեց, որ անգամ այսօր ենք խնդիրների բախվում ԵՄ շուկան ավելի հասանելի դարձնելու հարցում, նշում են՝ անհամատեղելի է մեր անդամակցությանը՝ ԵԱՏՄ-ին։

«Հասկանո՞ւմ ենք՝ ինչ աշխարհաքաղաքական-տնտեսական իմաստով փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ ունենում ենք այս օրենքը և մոտարկում ենք ԵՄ-ին, շարունակում ենք ԵԱՏՄ անդամ լինել՝ ենթադրելով, որ ԵԱՏՄ-ն մեծահոգաբար հանդուրժող է լինելու այդ ձգտումներին»,- նշեց Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս