ՀՀ օրհներգի փոփոխված տարբերակը կհրապարակվի, բոլորը պարտավոր են այն կատարել. Սիսակ Գաբրիելյան
ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն, կլինի մի քանի տարբերակով` և ակապելա, և միայն նվագախմբի կատարմամբ։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի առաջին ընթերցման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Նախագիծը ներկայացնելիս Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ կարևորագույն խորհրադնիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25-30 վայրկյանի սահմաններում։
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 28-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3-րդ և 4-րդ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրհներգը կսահմանափակվի հետևյալ ուղերձով. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Ըստ Գաբրիելյանի` օրհներգը պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Նա հայտարարեց, որ օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ-ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։
«Ամենատարբեր ժամանակահատվածներում, ամենատարբեր միջոցառումների ժամանակ օրհներգը կատարվել է տարբեր կերպ։ Օրինակ` ԱԺ նստաշրջանի մեկնարկին օրհներգը կատարվեց ճիշտ այն տարբերակով, ինչ մենք առաջարկում ենք օրենքի նախագծով։ Ընդդիմադիր մեր գործընկերները տեղից բղավում էին, որ սա օրենքի խախտում է, որ սա ուրացում ու ոտնահարում է։ Ես շարունակում եմ պնդել, որ դա չի հակասել ՀՀ օրենքին, քանի որ դրա պաշտոնական տարբերակ որևէ տեղ հրապարակված չի եղել»,- հայտարարեց Գաբրիելյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալխաս Ղազարյանն իր հերթին ասաց, որ ընդդիմության հավաքներից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը ևս ակապելա կատարել է հենց այս նախագծով առաջարկվող տարբերակը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունները հրատապ խնդիր են։
«Պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ամբողջացվի և իրացվի մեր կյանքում, որպեսզի սրանից հետո մենք ամաչելու կարիք չունենանք, երբ մեզ հրավիրում են որևէ միջոցառման և մենք լսում ենք օրհներգի մի տարբերակ, որն ավելի լավ էր չլսեինք»,- ասաց նա։
Ըստ Անդրեասյանի՝ պետք է կանոն դարձնել, որ հանրային տարբեր միջոցառումների ժամանակ ներկաները զուգահեռ նաև երգեն օրհներգը։