Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Սպիտակ տանն ստորագրել է կատարողական հրամանագիր ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ նոր ղեկավարը նշել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում։
Ըստ Reuters գործակալության՝ հրամանագիրը նախատեսում է անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներ։
Ինչպես հայտնել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU), Միացյալ Նահանգների իրավապաշտպան կազմակերպությունները հայց են ներկայացրել Նյու Հեմփշիր նահանգի դատարան՝ ընդդեմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այս որոշման։
«Այսօր ներգաղթյալների իրավունքների պաշտպանները դատի են տվել Թրամփի վարչակազմին գործադիր հրամանի համար, որը նպատակ ունի զրկել Միացյալ Նահանգներում ծնված որոշ երեխաների ԱՄՆ քաղաքացիությունից», – ասվում է փաստաբանների՝ հունվարի 20-ի հայտարարության մեջ։Նրանք հրամանը հակասահմանադրական են անվանել: