«Աշխարհազորի մասին» օրենքը փոփոխության կենթարկվի
Հայաստանում նախատեսվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով:
«Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով՝ անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր:
«Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին»,- նշեց փոխնախարարը։