Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարքի։

Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։ «Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ անախորժություններ է ունենալու», – լրագրողներին ասել է Թրամփն Օվալաձև աշխատասենյակ վերադառնալիս:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է հանդիպել իր ռուս գործընկերոջը, և հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գործարք կնքել։

«Մենք կփորձենք այս ամենն ավարտել հնարավորինս շուտ։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը երբեք չպետք է սկսված լիներ», – ասել է Թրամփը։

«Շատերը կարծում էին, որ պատերազմը կավարտվի մոտ մեկ շաբաթում, բայց այն արդեն երեք տարի է ձգվում», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այս ամենը մեծապես ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա, այդ թվում՝ գնաճի տեսքով:

Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն ասել է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել պատերազմին վերջ տալու համար։«Զելենսկին ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր արագ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։

Մարկո Ռուբիոն, որի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում արդեն հաստատվել է Սենատի կողմից, հայտարարել է, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս