Թալան է. տրանսպորտում կանխիկ վճար չկա, բայց ստվերի թվաբանական աճ կա. տենց բան չի լինում. Մանուկյան
Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընդհանրապես գումարի հետ կապ չունի, և ենթադրվում էր, որ գումարի աճ պետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ նման բան չի կարող լինել.«Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, բայց հակառակն է տեղի ունենում: Մասնավորը դուրս է եկել, արդեն մասնավոր չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերը նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել։
Վերջին երկու գործակարգավարական նիստի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել։ Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև անցյալ տարվա համեմատ իրենց մոտ 30 տոկոս թերհավաքագրում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա, վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, գումարը հավաքագրվում է քաղաքապետարանի ու «Թել-Սել»-ի մոտ»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
Նա շարունակեց. «Գործում է եռյակ՝ «Թել-Սել»-Սուրեն Գրիգորյան-Սարգիս Մանուկյան, «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ։ «Թել-Սել»-ը հավաքագրում է, այդ ամեն ինչը համակարգում, ղեկավարում է Սարգիս Մանուկյանը, իսկ այդ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։
Նա այս ամենը տեսնում է, կոչ եմ անում համաձարկություն ունեցիր, արի այստեղ կանգնի, երկուսով կանգնենք ու ժողովրդի դեմ պատասխան տուր ստվերի ու թալանի համար։
Հավաքված գումարը պետք է փոխանցվի «Երեւան ավտոբուսին», մետրոպոլիտենին, բայց այդ գումարը կորում է չկա: Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում փոխանակ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է գումարը։ Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նա նկատեց, որ տարվա սկզբում հպարտանում էին, որ նախորդ տարվա համեմատ մեկ շաբաթում 75 մլն-ի փոխարեն հավաքագրել են 90 մլն դրամ, սակայն այդ մեկ տարում 25 տոկոսով ավելի նոր ավտոբուսներ են գնել, ինչը նշանակում է, որ այդ 90 մլն-ը պետք է շատ ավելին լիներ:
Մեսրոպյանի խոսքով, ՔՊ-ականների ներկայացրած թվերով աշխատանքային օրերին տրանսպորտից օգտվում է օրական 440 հազար մարդ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 220 հազար մարդ: Ըստ այդ թվերի շաբաթական հավաքագրումը պետք է կազմեր 264 մլն դրամ, սակայն հավաքել են 90 մլն դրամ: «Եթե դուք արձանագրում եք այդքան ուղեւոր ու այդ փողը չեք կարողանում հավաքագրել, ուրեմն դուք թալանչի եք, վերցնում եք այդ փողը, ձեր ջեբն եք դնում: Մենակ ձեր թվերով տեսեք, թե ինչքան է կազմում թալանը: Երբ կվերացնեք թալանը, ստվերը, նոր եկեք մտածեք թանկացման մասին»: