Հայաստանի պաշտպանության ակտի հեղինակը՝ ԱՄՆ Պետքարտուղար
ԱՄՆ Սենատը հունվարի 20-ին միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ Մարկո Ռուբիոն Հայաստանի պաշտպանության ակտի հեղինակներից է։
Ռուբիոյի օգտին քվեարկել է 99 սենատոր։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Ռուբիոն դարձել է նոր վարչակազմի առաջին թեկնածուն, որը հաստատվել է Սենատի կողմից։
53-ամյա Ռուբիոն, ըստ Reuters-ի, Չինաստանի լուրջ քննադատն է և Իսրայելի ջատագովը։ Իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր քաղաքականության ուղղությունը, որպեսզի խուսափի Չինաստանից ավելի մեծ կախվածությունից։ Ռուբիոն նաև խոստացել է ամուր արտաքին քաղաքականություն՝ կենտրոնացած ամերիկյան շահերի վրա։
ԱՄՆ նոր պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է լինի Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցումը՝ շեշտելով, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։
Ռուբիոյի ծնողները Կուբայից եկած ներգաղթյալներ են. նա լատինամերիկյան արմատներով առաջին մարդն է, որ զբաղեցնում է ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնը։