
Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի երգչին

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի երգիչ Ամիր Հոսեյն Մաղսուդլուին, որը հայտնի է որպես Թաթալու, այն բանից հետո, երբ նա մեղավոր է ճանաչվել սրբապղծության համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Այս մասին գրում է The Guardian թերթը:
«Գերագույն դատարանն ընդունեց դատախազի առարկությունը՝ կապված նախորդ հինգ տարվա ազատազրկման վճռի հետ», – կիրակի հաղորդել է բարեփոխական Etemad թերթը:
Դրանում ասվում է, որ «գործը վերաբացվել է, և այս անգամ ամբաստանյալը մահապատժի է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար»: Սակայն դատավճիռը վերջնական չէ և դեռ կարող է բողոքարկվել։
37-ամյա երաժիշտը 2018 թվականից ապրում էր Ստամբուլում, սակայն 2023 թվականի դեկտեմբերին թուրքական ոստիկանությունը նրան արտահանձնել է Իրանին։ Այդ ժամանակվանից նա գտնվում է Իրանում կալանքի տակ։
Թաթալուն նաև 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել «մարմնավաճառություն» քարոզելու, «անպարկեշտ բովանդակություն» հրապարակելու համար։