
Թրամփը պաշտոնավարման առաջին օրն ավելի քան 200 հրամանագիր կստորագրի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրն ավելի քան 200 հրամանագիր կստորագրի, որոնք վերաբերում են էներգետիկային, սահմանային ու միգրացիոն քաղաքականությանը:
Այդ հայտնել են Fox News Digital-ի աղբյուրները։
Իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «գործադիր հրամանագրերի և գործողությունների պատմական շարք, որոնք արմատապես կբարեփոխեն ԱՄՆ-ի կառավարությունը»։
Մասնավորապես, ինչպես հաղորդել է աղբյուրը, Թրամփն արտակարգ դրություն կհայտարարի պետական սահմանին, ԱՄՆ-ի զինվորականներին կհրահանգի համագործակցել ներքին անվտանգության նախարարության հետ՝ հարավային սահմանին կարգուկանոն ապահովելու համար և կհայտարարի բոլոր անօրինական ներգաղթյալների համար սահմանը փակելու մասին:
Նորընտիր նախագահը մտադիր է նարկոկարտելները հայտարարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, ինչը, պաշտոնյայի խոսքով, նոր հնարավորություններ կբացի ազգային անվտանգության ապահովման համար:
Բացի այդ, Թրամփը պլանավորում է վերականգնել Մեքսիկայում մնալու քաղաքականությունը և զինվորականներին կարգադրել սահմանային պատի նոր հատված կառուցել։
Վաշինգտոնում հանրահավաքի ժամանակ հանդես գալով կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտնել է, որ պլանավորում է բազմաթիվ հրամանագրեր ստորագրել նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին օրը:
«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական և հիմար գործադիր հրաման կչեղարկվի իմ երդմնակալությունից հետո մի քանի ժամվա ընթացքում», – հայտարարել է Թրամփը։Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։