
Իսրայելցի 3 պատանդ վերադարձել է հայրենիք 90 պաղեստինցի բանտարկյալի ազատման դիմաց

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարը հունվարի 19-ին մտել է ուժի մեջ, որից հետո 3 իսրայելցի պատանդ տուն է վերադարձել, իսկ իսրայելական բանտերից ազատ է արձակվել 90 պաղեստինցի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հումանիտար բեռներ տանող ավելի քան 600 բեռնատար մտել է պաղեստինյան անկլավ։ Իսրայելցի 3 երիտասարդ աղջիկներն առաջինն էին 33 պատանդներից, որոնք պետք է ազատ արձակվեն առաջիկա վեց շաբաթների ընթացքում։ Այս ժամանակահատվածում պետք է նաև դադարեն մարտերը, բանտից ազատ արձակվի շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ, և Գազայի հատված պետք է մատակարարվի վառելիք և հումանիտար օգնություն։
Հրադադարի՝ 42 օր տևող առաջին փուլից հետո նախատեսվում է պատերազմի մշտական ավարտ և մնացած պատանդների վերադարձ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։
Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել էր 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ։ Նրանց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 46 600-ը։