
Մեծ Բրիտանիան կուսումնասիրի Ուկրաինայում ռազմակայանների տեղակայման հնարավորությունը

Մեծ Բրիտանիան կքննարկի Ուկրաինայում ռազմակայանների և պաշտպանական ենթակառուցվածքների տեղակայման հնարավորությունը։ Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության և Ուկրաինայի միջև 100-ամյա գործընկերության մասին հռչակագրում, որը հրապարակել է Բրիտանիայի կառավարության գրասենյակը՝ ամփոփելով վարչապետ Քիր Սթարմերի՝ Կիև կատարած այցի արդյունքները։
Ըստ փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիան կաշխատի Ուկրաինայի հետ՝ որոշելու ընդհանուր ռազմական կարիքները, կհամագործակցի՝ ընդլայնելու հնարավորությունների և տեխնոլոգիաների սպեկտրը, որոնք երկրները կարող են միասին արտադրել:
«Մասնակիցները կուսումնասիրեն Ուկրաինայում պաշտպանական ենթակառուցվածքների, այդ թվում՝ ռազմակայանների, նյութատեխնիկական պահեստների, ռազմական պահուստային տեխնիկայի պահեստների տեղակայման և պահպանման տարբերակները: Այդ օբյեկտները կարող են օգտագործվել էական ռազմական սպառնալիքի դեպքում սեփական պաշտպանական հնարավորությունների ամրապնդման համար», – ասված է փաստաթղթում։
Ըստ փաստաթղթի՝ կողմերը մտադիր են «համագործակցել արագ հակազդման ճկուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ներառյալ ռազմական կազմավորումների և այլ մասնագիտացված կառույցների ստեղծումը, պահպանումը և համատեղ օգտագործումը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում լայն շրջանակի փոխադարձ ծառայությունների մատուցման համար»:
Միաժամանակ հռչակագրում ասված է, որ Լոնդոնը և Կիևը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը մեծ հեռահարության հարվածներ հասցնելու բնագավառում։
«Մենք նաև կխորացնենք համագործակցությունը մեծ հեռահարության հարվածների հնարավորությունների, ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և զսպման ամրապնդման համար համալիր զենքի պահեստների ոլորտում», – նշվում է փաստաթղթում։