
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին. այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ-ի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։
«Սակայն այս պարագայում երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կստորագրեն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: