Դոհայում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները
Կատարում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատման շուրջ բանակցությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են ավարտվել համաձայնության կնքմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակություններն անուղղակի բանակցություններ են վարում միևնույն շենքում։ Համաձայնագիրը նախատեսում է մի քանի փուլ, որոնցից առաջինի ընթացքում ազատ կարձակվի 33 պատանդ։
Միևնույն ժամանակ, Գազայում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ համաձայնագրի առաջին օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 3 պատանդի, որից հետո Իսրայելը կսկսի զորքերի դուրսբերումը։ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսօր՝ հունվարի 14-ին, հրադադարի մասին հայտարարություն չի լինի։
Ըստ Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարիի՝ դժվար է ժամանակային սահմաններ նշել, սակայն «նախկինի համեմատ մենք այժմ հնարավորինս շատ ենք մոտեցել համաձայնագրի կնքման»։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։
ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում են Իսրայելից գերեվարված 251 պատանդից 94-ը, այդ թվում՝ առնվազն 34 զոհված պատանդների մարմինները։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։