Երևանի կենտրոնում անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 մլն դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ
Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն Հ.Ա.-ի օժանդակությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, անշարժ գույքերի սեփականատերեր Ա.Մ.-ից և Թ.Մ.-ից, Աշ.Մ.-ից և Գ.Կ.-ից, Ա.Կ.-ից, Վ.Ն.-ից, Ա.Ա.-ից և Ա.Ն.-ից, Վ.Հ.-ից և Հ.Ա.-ից, Հ.Ղ.-ից և Լ.Մ.-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք և դրամական միջոցներ, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին` 82 հազար 700 քմ մակերեսով: Պետության կարիքների համար օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա էին դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող՝ վերոնշյալ անձանց պատկանող գույքերը:
Վերոնշյալ փողոցներին հարող հատվածից 82 հազար 700 քմ մակերեսով հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել էր Ա.Կ.-ի ընկերությանը: Ա.Կ.-ն անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման նպատակով իր նախաձեռնությամբ պայմանագրեր է կնքել իր մտերիմ Հ.Ա.-ին պատկանող՝ անշարժ գույքերի գնահատում իրականացնող ընկերության հետ: Ա.Կ.-ն Հ.Ա.-ին պատվիրել է վերոնշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով և կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ:
Արդյունքում, 2005-2008 թվականների ընթացքում կազմվել և ստորագրվել են բովանդակությամբ կեղծ՝ գնահատման 6 հաշվետվություններ, որոնք Հ.Ա.-ն վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել իր ընկերության կնիքով և առձեռն տրամադրել Ա.Կ.-ին՝ այդպիսով օժանդակելով Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն:
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում: