Հութիները հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Եմենցի հութիները («Անսար Ալլահ» շարժում) երկրորդ հրթիռային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին վերջին 12 ժամվա ընթացքում։ Ինչպես պնդում է շարժման զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հութիների ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերն իրականացրել են ռազմական գործողություն՝ «Պաղեստին -2» տիպի հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով իսրայելական հակառակորդի, այսպես կոչված, պաշտպանության նախարարության վրա Յաֆֆոյի (խմբ.՝ Թել Ավիվ) օկուպացված շրջանում: Հրթիռը հասել է իր նպատակին, կալանման համակարգերը չեն կարողացել հետևել դրան», – ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։
Հունվարի 14-ի առավոտյան իսրայելական բանակը ձեռնարկել է Եմենից արձակված հրթիռի «կալանման մի քանի փորձ»։ Հունվարի 13-ին հութիների զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է Թել Ավիվում «չափազանց կարևոր թիրախի» հրթիռային հարված հասցնելու մասին: Իսրայելի բանակի տվյալներով՝ այդ հարձակման ժամանակ հրթիռը կալանվել է երկրի օդային տարածության սահմաններից դուրս։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ գնդակոծելու է Իսրայելի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարի:
2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Վերջերս հութիները պարբերաբար հայտարարում են Իսրայելի կենտրոնական շրջաններին, ներառյալ Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին