Բաժիններ՝

3000 հյուսիսկորեացի զինվոր զոհվել կամ վիրավորվել է Ուկրաինայի դեմ մարտերում, հայտնել են Սեուլում

Հարավային Կորեայում հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի զինվորականներից 300-ը զոհվել է, 2700-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այս տեղեկությունները հայտնել է հարավկորեացի օրենսդիրներից մեկը, որին այդ մասին զեկուցել է Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը։ Ըստ պաշտոնյայի՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, իրենց զինվորներին կոչ են արել գերեվարումից խուսափելու համար ինքնասպանություն գործել՝ պայթեցնելով իրենց։

Հունվարի 11-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորները գերեվարել են հյուսիսկորեացի երկու զինվորի։ Նրանք վիրավոր են եղել և տեղափոխվել են Կիև։

Ըստ Ուկրաինայի գնահատումների՝ Կուրսկի մարզում տեղակայված է շուրջ 11 000 հյուսիսկորեացի զինվոր։ Ուկրաինական ուժերը Կուրսկ են ներխուժել 2024 թ.  օգոստոսին և մի քանի հարյուր քառակուսի կմ տարածք դեռ պահում են իրենց վերահսկողության տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս