
Բայդենը Ճապոնիայի և Ֆիլիպինների ղեկավարների հետ քննարկել է համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունն առաջ մղելու հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Չինաստանին։
«Երեք ղեկավարները քննարկել են ծովային անվտանգությունն ու տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անօրինական գործելակերպը Հարավչինական ծովում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ զրուցակիցները մատնանշել են «գործողությունների համակարգումը շարունակելու կարևորությունը, որոնք ուղղված են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատ և բաց մնալուն»։
Իր հերթին, Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի արտգործնախարարությունը, գրում է, որ Իսիբան զրույցի ընթացքում ընդգծել է դաշնակիցների և գործընկերների միջև համագործակցության կարևորությունը մատակարարումների հուսալի շղթաներ ստեղծելու և երկրներում ներդրումներ ներգրավելու համար։
Իսիբան Ճապոնիայի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը բնութագրել է որպես ավելի ու ավելի «բարդ ու դժվարին»:
Kyodo-ն հիշեցնում է, որ չինական նավերը պարբերաբար անցնում են Արևելաչինական ծովի Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) մոտով, որոնք վերահսկվում են Տոկիոյի կողմից և Չինաստանի հետ տարածքային վեճի առարկա են։
Ֆիլիպինները նույնպես տարածքային վեճ ունի Չինաստանի հետ, որը կապված է Հարավչինական ծովում գտնվող Սպրատլի կղզիների հետ։