Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիա. Վուչիչ
Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է եղել դադարեցնել օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումը «Շահ Դենիզ» հանքավայրում առկա խնդիրների պատճառով, ասել է Բալկանյան հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վատ լուրը երբեք մենակ չի գալիս, միշտ գալիս է երկրորդը, հետո՝ երրորդը: Մենք ծանուցում ենք ստացել մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից, որ անհաղթահարելի դժվարությունների, «Շահ Դենիզ» հանքավայրի խնդիրների պատճառով մենք այսօրվանից չենք կարող հույս դնել օրական 1,7 մլն խմ գազի վրա, որը ստանում էինք։ Այստեղ ասվում է. «Ոչ մի վստահություն կամ հստակություն չկա, թե որքան ժամանակ կպահանջվի գազի մատակարարման վերականգնման համար»: Ձեզ համար սերբերեն կթարգմանեմ, սիրելի ժողովուրդ։ Սա նշանակում է, որ այսօրվանից մենք կսկսենք շատ ավելի ուժեղ և ավելի օգտագործել սեփական ռեզերվները»,- ասել է Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
Սերբիայի նախագահը նշել է ընթացիկ ձմեռային սեզոնի համար երկրում բավարար են էներգիայի պաշարները, սակայն հույս է հայտնել, որ ադրբեջանական մատակարարումները շուտափույթ կվերականգնվեն:
«Մենք բավականաչափ գազ ունենք մատակարարելու համար, քանի դեռ երրորդ աղետը տեղի չի ունեցել: Ես չգիտեմ, թե ինչ պետք է լինի: Հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում սա կուղղեն։ Եթե դա հնարավոր չէ, ապա առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է օրական 2-2,5-3 մլն (խմ) ավելացնենք։ Մենք ձմռանը շատ ավելի մեծ սպառում ունենք, դա կբավականացնի բոլոր պաշարները ծախսելու համար, բայց գազի և նավթի պակաս չի լինի»,- վստահեցրել է երկրի նախագահը։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Վուչիչը նշել է «Նիսի մերձակայքում գազային էլեկտրակայանի համատեղ կառուցման պլանի կարևորությունը, որը կապահովի էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։ Արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի խոսքով՝ Բաքվի շնորհիվ Սերբիայի էներգետիկ անվտանգությունը «այս անհանգիստ ժամանակներում» զգալիորեն ամրապնդվել է։