Նոր տարվա աղոթք
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում ամանորյա աղոթք է հրապարակել. «Նոր Տարվա Աղոթք
Տե՜ր Աստված,
Այս տարեմուտին շնորհակալություն եմ հայտնում Քո շնորհած բարիքների համար. շնորհակալություն կյանքի ու սիրո, օդի ու արևի, ուրախությունների ու տխրությունների համար:
Աղոթում եմ նրանց համար, որոնց հետ կիսեցի կյանքս, աշխատանքս, ցավս և ուրախությունս։
Ներողություն եմ խնդրում վատնածս ժամանակի, վատ մտքերիս, խոսքերիս ու գործերիս և անտեսած սիրո համար։
Ներողություն առանց եռանդի ապրած կյանքիս, չկատարած ու հետաձգած աղոթքիս, մոռացության և հիշաչարության, լռության և զրախոսության համար:
Այսօր պետք է խնդրեմ ինձ և սիրելիներիս համար խաղաղություն, և ուրախություն, ուժ ու խոհեմություն, սեր ու իմաստություն և մանավանդ՝ հավատք ու համբերություն:
Ցանկանում եմ ամեն օր լավատեսությամբ ու բարությամբ ապրել. պահպանիր ականջներս, որպեսզի թյուր, վատ բաներ ու բամբասանքներ չլսեմ, շուրթերս, որպեսզի սուտ, վիրավորիչ ու անձնասեր խոսքեր չարտասանեմ։ Փոխարենը բացիր էությունս առ բարին, այնպես որ իմ հոգին լցվի միայն քո օրհնություններով ու բարիքներով և դրանք կարողանամ տարածել ամեն քայլափոխիս, ուր էլ որ լինեմ։
Տե՜ր Աստված, Տե՜ր ժամանակի ու հավիտենության, քոնն են ներկան ու վաղը, անցյալն ու ապագան.
այս տարեսկզբին քեզ եմ ընծայում բոլոր գալիք օրերը, օրհնիր մեզ Քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով. Ամեն»։