Բաժիններ՝

Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային և «վերջ դնել Պուտինի ագրեսիային», ասել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է svoboda.org-ը:

«Առաջինն անհնար է առանց երկրորդի, քանի որ սա փողոցային կռիվ չէ, որտեղ պետք է հանգստացնել երկու կողմերին: Սա խելագար պետության լայնամասշտաբ ագրեսիա է ընդդեմ քաղաքակիրթ պետության։ Եվ ես հավատում եմ, որ մենք ԱՄՆ-ի հետ ունենք ուժ՝ Ռուսաստանին արդար խաղաղություն պարտադրելու համար», – ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ «իսկապես արդար խաղաղությունը չի կարող սկսվել «սկսենք մաքուր էջից» սկզբունքով։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է եղել հակամարտության առաջին իսկ րոպեներից և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին կլինի նաև «խաղաղության առաջին րոպեներին»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը դեկտեմբերին ասել էր, որ «ակտիվորեն աշխատում է» Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը նաև նշել էր, որ Ուկրաինան իր նախագահության օրոք դժվար թե ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանա նույն ծավալով, ինչ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ էր արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարյուր հազարավոր մարդկանց են կորցրել հակամարտությունում։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչպես ինքն էր ասել, «24 ժամում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս