Բաժիններ՝

Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի բնակչին պատկանող ավտոտնակը պայթեցնելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00։25-ի սահմաններում, պայթեցրել են իրեն պատկանող ավտոտնակը, որտեղ կայանված է եղել որդուն պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վարի զննություն, խուզարկություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:

Դրանից բացի, վերջինս բռնություն էր գործադրել հարևանի նկատմամբ։ Թեև այդ առնչությամբ քրեադատավարական համապատասխան ընթացակարգով նրանք հաշտվել էին, սակայն անբարյացկամ հարաբերությունները շարունակվել են՝ հողային վեճի հետ կապված դատական գործընթացի պատճառով։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Դիլիջան համայնքի 56–ամյա բնակիչը, հարևանի գույքը ոչնչացնելու և վնասելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված պայթուցիկ նյութը տեղադրել է վերջինիս պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն։ Արդյունքում՝ հանրավտանգ եղանակով վնասվել է ավտոտնակը, ինչպես նաև՝ ավտոտնակում կայանված «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի՝ 4.500.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 56–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս