«ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին:
1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
2. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չթուլացնի Արցախյան բանակցային խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի դիրքերը, իսկ Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն, բացահայտ հրաժարվեց Արցախից:
3. Սերժ Սարգսյանը, լրացուցիչ զոհեր չտալու համար, 2016թ. ապրիլյան պատերազմում հրաման չտվեց վերաազատագրել մի բարձունք և համաձայնվեց հրադադարի խնդրանքին, իսկ Նիկոլի կառավարությունը՝ ընդհուպ Շուշին հանձնելու գնով 5000 զոհ տվեց, որպեսզի իրեն չասեն դավաճան:
4. Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականությունը վարում էր այնպես, որ հստակ ձևակերպված ու պաշտպանված լինեն հայկական պետությունների շահերը, իսկ Նիկոլի կառավարությունը արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես իր իշխանությունը պահելու սկզբունքից՝ ակնհայտորեն զոհաբերելով հայկական պետությունների շահերը:
5. Սերժ Սարգսյանի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում էր հասարակության համախմբման, բոլոր շերտերի և խավերի խնդիրները կոնսոլիդացնելու, փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորելու վրա՝ լսելով ու հաշվի առնելով նաև ընդդիմադիր տեսակետները: Նիկոլի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում է հանրային թշնամանքի, անհանդուրժողականության, բաժանարար գծերի, շինծու քրեական գործերով մարդկանց պախարակելու, կեղծ օրակարգերով հասարակությանը խաբելու և մանիպուլյացնելու եղանակով:
6. Սերժ Սարգսյանի կառավարությունը հայ ժողովրդի անվտանգության կամ պաշտպանունակության խնդիրը լուծում էր Հայաստանի հետ ՌԴ ռազմավարական համատեղ շահերի առաջ մղման, ինչպես նաև տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների կառուցման եղանակով: Նիկոլի կառավարությունն այդ խնդիրը չի լուծում ընդհանրապես՝ ի ցույց դնելով անպաշտպանության հանգամանքը, իսկ սպառազինության ձեռքբերումը վերածել են մանրածախ առևտրի:
7. Սերժ Սարգսյանի կառավարությունն ուներ ազգային անվտանգության հստակ ռազմավարություն և դրանից բխող բազմաթիվ առաջնորդող հայեցակարգային փաստաթղթեր: Նիկոլի կառավարությունն արդեն 4-րդ տարին է փաստացի չունի ազգային անվտանգության ռազմավարություն: Ինչ էլ ունեն 2020թ.-ից այլևս իրականության հետ որևէ աղերս չունի:
8. Սերժ Սարգսյանի կառավարության քաղաքականության շնորհիվ (ԵԱՏՄ, ԵՄ, Իրան և այլ երկրներ) այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է պետության և հասարակության համար ապահովել ապրանքաշրջանառություն, արտաքին առևտուր, համախառն ներքին եկամուտ, և սոցիալական պարտավորություններ: Նիկոլի կառավարությունը յոթ տարիների ընթացքում ոչինչ չի ավելացրել, ընդհակառակը՝ Արցախի կորստի և ՀՀ որոշ տարածքներում Ադրբեջանցիների վերահսկողության արդյունքում կորցրել են միլիարդավոր դոլարների տնտեսական ռեսուրսներ: Իսկ “Խաղաղության խաչմերուկի” տնտեսական ակնկալիքների մասին հեքիաթները դեռ շատ հեռու են որևէ կերպ իրականություն դառնալուց:
9. Սերժ Սարգսյանի կառավարությունն արտաքին վարկերը ներգրավվում էր հիմնականում երկրի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների նպատակով, իսկ Նիկոլի կառավարությունն արտաքին պարտքը կրկնակի ավելացրել է հիմնականում սպառողական ծախսերն ավելացնելու և ժողովրդի վարկային բեռը անհամեմատ մեծացնելու տրամաբանությամբ:
10. Սերժ Սարգսյանի կառավարությունն արդեն իսկ ապացուցել է իր վարած արդարացի ու հայաստանակենտրոն քաղաքականությունը, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի ու վնասների մասին պատմությունը դեռ շատ է հիշելու:
Թեմաներն, իհարկե, շատ ավելի են, քան կարելի է նկարագրել: Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է:
Թող լինի գործող կառավարիչների թեկուզ մեկ փաստացի առավելություն և դա կարելի է հաշվի առնել ապագայի համար»: