Խուլուհամր կամ կույր դատավոր չի՞ լինում. ՄԻՊ-ը ՍԴ-ում վիճարկում է կառավարության որոշումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է արգելել դատավորի պաշտոնում նշանակել այն անձանց, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ դիմումը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյանը։

«Վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացները պետք է կազմակերպվեն արժանիքների վրա հիմնված օբյեկտիվ չափանիշներով, որոնք վերաբերում են որակավորումներին, բարեխղճությանը, կարողություններին և արդյունավետությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանը հնարավոր է համարում որոշակի հիմքերի սահմանումը, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2019 թվականի մայիսի 30-ին ընդունել է որոշում` որով հաստատվել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը։

Տեսանյութեր

Լրահոս