Cop29 հյուրընկալող Ադրբեջանը գազի արդյունահանման զանգվածային ընդլայնման է պատրաստվում. The Guardian

Ադրբեջանը, որը հյուրընկալում է Cop29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակի ընթացքում զգալիորեն կընդլայնի գազի արդյունահանումը: Դրա մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

Կարևորագույն ​​բանակցությունները չպետք է վերահսկեն «նրանք, ովքեր շահագրգռված են աշխարհը հանածո վառելիքից կախված պահելու հարցում»։

Ադրբեջանի պետական ​​նավթագազային Socar ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են մինչև 2033 թվականը երկրում գազի տարեկան արդյունահանումը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի: Socar-ը միաժամանակ վերջերս համաձայնել է մինչև 2026 թվականը 17%-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։

Նոյեմբերի 11-ին մեկնարկելիք Cop29 գագաթնաժողովը տեղի է ունենում այն ​​նույն ժամանակ, երբ գիտնականներն ասում են, որ ածխածնի երկօքսիդի արտանետումների շարունակական ռեկորդը նշանակում է «մարդկության ապագան մազից է կախված»: Միջազգային էներգետիկ գործակալությունը 2021 թվականին հայտարարել է, որ հանածո վառելիքի նոր շահագործում չպետք է լինի, եթե մինչև 2050 թվականը CO2-ի արտանետումները հասնեն զրոյի:

Մինչդեռ Socar-ը 2023 թվականին իր կապիտալ ծախսերի 97%-ը հատկացրել է նավթագազային նախագծերին։ Ադրբեջանի՝ Cop29-ի հյուրընկալող է նշանակվելուց շաբաթներ անց ընկերությունը գործարկել է «կանաչ էներգիայի ստորաբաժանումը»՝ խոստանալով ներդրումներ կատարել քամու և արևային տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն Socar-ի վերականգնվող էներգիայի աղբյուրները դեռևս չնչին են:

Սեպտեմբերին Climate Action Tracker-ի Ադրբեջանի կլիմայական գործողությունների ծրագիրը «կրիտիկական ոչ ադեկվատ» է գնահատվել:

«Ադրբեջանը այն երկրների մի փոքր խմբին է պատկանում, որոնք թուլացրել են իրենց կլիմայական նպատակները [և] երկիրը կրկնապատկում է հանածո վառելիքի արտադրությունը», – հայտարարել են վերլուծաբանները:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը և Socar-ը մեղադրվում են նաև մարդու իրավունքների խախտման մեջ։ Հեղինակները հայտարարել են, որ կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունը խոսքի ազատություն ունենա և պաշտպանի մարդու իրավունքները։

Cop29-ի ներկայացուցիչը, պատասխանելով Ադրբեջանում գազի արդյունահանման և էներգառեսուրսների անցմանն առնչվող հարցին, ասել է. «Ադրբեջանը ներդրումներ է կատարում գազային հզորությունների մեջ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից մատակարարումների ընդհատումներից հետո մատակարարումները մեծացնելու Եվրոպայի խնդրանքին»: Գլոբալ հաշվարկը եզրակացրել է, որ «ջերմոցային գազերի արտանետումների անհապաղ և խոր կրճատումներ» են անհրաժեշտ:

Cop29-ի խոսնակն ավելացրել է. «Ադրբեջանը ինտենսիվորեն ՝ կանաչ էներգիայի առաջատար մատակարար դառնալու իր հանձնառության շրջանակում զարգացնում է իր հարուստ արևային և հողմային ռեսուրսները»:

Հաջորդ տասնամյակում Ադրբեջանը պետք է ավելացնի գազի արդյունահանումը մեկ երրորդով, իսկ հանածո վառելիքի ընկերությունները երկրի գազի հանքավայրերի վրա կանխատեսում են 41,4 միլիարդ դոլար ծախսել, ասված է նոր զեկույցում:

Գազի ակնկալվող արդյունահանումը կարտադրի մոտ 780 միլիոն տոննա CO2, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարեկան արտանետումները:

Socar-ը համագործակցում է հանածո վառելիքի աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ, դրանց թվում՝ BP-ի, TotalEnergies-ի, ռուսական նավթային հսկա «Татнефть»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ​​Adnoc նավթային ընկերության հետ:

Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է հանածո վառելիքի եկամուտներից, որոնք կազմում են արտահանման եկամուտների 90%-ը և պետական եկամուտների 60%-ը։

«Չափազանց կարևոր է, որ նրանք, ովքեր ղեկավարում են [Cop29] բանակցությունները, իրական կլիմայի առաջնորդներ էին, այլ ոչ թե նրանք, ովքեր շահագրգռված են աշխարհը հանածո վառելիքից կախվածության մեջ պահելու հարցում»,-ասվում է զեկույցում:

Զեկույցը միաժամանակ ընդգծում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի մասին պնդումները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ երկիրը 2001 թվականից ի վեր 263 անգամ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, դրանց թվում՝ խոշտանգումների երեք և անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի 30 դեպք։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին դասում է աշխարհի ամենաքիչ ազատ երկրների շարքում՝ քաղաքական իրավունքների, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական ազատությունների առումով՝ զիջելով Ռուսաստանին և Բելառուսին: Transparency International-ը 2022 թվականին Ադրբեջանը դասել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետական ​​հատվածի երկրորդ ամենակոռումպացված երկիրը։

Ադրբեջանում գործող Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը ևս Socar-ին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ մատնանշելով առողջության և անվտանգության խախտումները և շրջակա միջավայրի աղտոտումը:

Տեսանյութեր

Լրահոս