Ո՞րն է նպատակը, որ Երկրապահի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության (որովհետև առիթ էր պետք, որ դա ասվեր, ուշագրավն այն չէ, թե ինչ է ասում, այլ այն, որ դա ասվում է հենց հոկտեմբերի 27-ին) հետ կապված մի քանի առանցքային դիտարկում անենք ու անցնենք առաջ։

Քանի որ Սասուն Միքայելյանը և իր հայտնի ընկերները համառորեն հավատում են, թե «բանակն ի զորու չէ պաշտպանելու հայրենիքի սահմանները», ինչին հասնելը վերոնշյալների «սուրբ պարտականությունն» է եղել, այժմ փորձում է իր հայտարարությունով հայրենիքի պաշտպանության գործին նվիրված կամավորներին՝ մասնավորապես Երկրապահին, որտեղ շատ են նվիրյալները, ևս «կերակրել» անհրաժեշտ պահին հայրենիքին չծառայելու օտարածին դոգմաներով:

Այսքանից հետո բնական հարց է առաջանում. ո՞րն է նպատակը, որ Երկրապահի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը և ի՞նչ նպատակով է Միության անդամներին պետությունն ամրակցում զենքներ:

Ի պատասխան Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված՝ «30 տարվա թալանի», «հոկտեմբերի 27-ի բացահայտման», «բանակը զենք չունենալու» մասին մտքերին, համացանցի որոնողական որևէ համակարգում չհանդիպեցի մի տվյալի, որտեղ Սասուն Միքայելյանը չի եղել «նախկին», դրան զուգահեռ, նա եղել ՀՀԿ անդամ, և 2017 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հանգամանքը բնութագրել է, մեջբերում եմ՝ «լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ»:

Ուշագրավ մի հանգամանք ևս, ինչը նրան դարձրեց առավել հայտնի. Սասուն Միքայելյանը 2020 ինչ-որ մի անկարևոր իրադարձության ժանանակ Արցախյան գոյամարտն առանց հապաղելու ստորադասեց այն իրողությունից, ինչի մեջ գտնվում ենք այսօր:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ Միքայելյանը վիրավորվեց, ինչը հանգամանալից լուսաբանվեց, սակայն անհայտ մնաց, թե, ե՞րբ ապաքինվեց և արդյո՞ք ապաքինվելուց հետո վերադարձավ շարք՝ այդպիսի աստիճանի վիրավորում ստացած բազմաթիվ նվիրյալների նման:

Հ․Գ․ Երեկ իր խոսքում Սասուն Միքայելյանը հայտարարեց նաև, որ ՀՀ տարածքը 28.943 քառակուսի կիլոմետր է. արդյո՞ք սա լեզվի սայթաքում էր, թե, այնուամենայնիվ, սատանան մանրուքների մեջ է (մանրուքը չի վերաբերվում ՀՀ տարածքին, այլ երկու իրարամերժ թվերի մասին է խոսքը):

Հ.Հ.Գ.- 2. Թերևս քաղաքականության մասին այսքանը՝ բիզնեսի մասին կլռեն տնտեսագետները»։

Տեսանյութեր

Լրահոս