
Նախընտրական շտաբի նախնական տվյալներով «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է մեծամասնությունը․ Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ըստ նախընտրական շտաբի ընտրատեղամասերից ստացված նախնական տեղեկատվության՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երաշխավորված մեծամասնություն է ստանալու։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի խոսքերը ճեպազրույցից։
«Ըստ նախնական տեղեկությունների, որոնք մենք ստանում ենք տեղական նախընտրական շտաբից՝ «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է վստահ մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում»,- ասել է Կալաձեն։
Չնայած դրան՝ քաղաքական գործիչը երկրի բնակիչներին կոչ է արել էլ ավելի ակտիվ լինել, որպեսզի «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա։
Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս։