Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի մերձակայքում գտնվող TUSAS պաշտպանական ընկերության օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը պայթյուն է որոտացել Անկարայի Քահրամանկազան թաղամասում՝ ռազմական ինքնաթիռներ և տիեզերական տեխնիկա արտադրող թուրքական TUSAS կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել են կրակոցներ։ Անկարայի գլխավոր դատախազությունը ահաբեկչության հետաքննություն է սկսել։
Կազանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա շնորհակալություն է հայտնել ահաբեկչության հետ կապված ցավակցության համար։
«Շնորհակալ եմ ցավակցությունների համար։ Մենք չորս մահացած ունենք»,- ասել է Էրդողանը։
TUSAS-ը մշակում է թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչը, Anka հարձակողական անօդաչու թռչող սարքերը և արդիականացնում F-16 կործանիչները։ Բացի արտադրական կենտրոնից, տարածքում են գտնվում USET-ի տիեզերանավերը և արբանյակների փորձարկման կենտրոնը: