Բաժիններ՝

Զախարովան չունի ՀՀ քաղաքացիություն ու չի կարող մասնակցել մրցույթին․ «Միսս տիեզերք»

«Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ներքին հետաքննություն են անցկացրել և պարզել, որ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթում հաղթող ճանաչված, ազգությամբ ռուս Իրինա Զախարովան Հայաստանում չի ծնվել և երկքաղաքացիություն չունի։ Այդ պատճառով էլ Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս տիեզերք 2024»-ին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի պաշտոնական կայքում։

Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ մրցույթն անցկացվել է Մոսկվայում, և Հայաստանը ներկայացնելու է ազգությամբ ռուս գեղեցկուհի, սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկում սկսվեց։ Հրապարակավ իրենց դժգոհությունը հայտնեցին նաև նախկին տարիներին մրցույթում Հայաստանը ներկայացրած մասնակիցները։

Մրցույթի կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջներին: Ըստ այդ կետի՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։

Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ կազմակերպությունը որոշել է «Միսս տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», – նշված է հայտարարության մեջ:

Հայաստանյան գործընկերներին կոչ է արվել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրի՝ գիտակցելով, որ եզրափակիչ մրցույթը տեղի կունենա մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս