ՆԱՏՕ-ն Մոլդովային օգնում է հակազդելու ռուսական հիբրիդային միջամտություններին. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի նախօրեին օգնություն է ցուցաբերում չեզոք Մոլդովային՝ հակազդելու համար Ռուսաստանի հիբրիդային միջամտությանը։ Դրա մասին Ռյուտեն հայտարարել է ուրբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցում, գրում է «Европейская правда»-ն։
Նա նշել է, որ Դաշինքը սերտորեն համագործակցում է նախագահ Մայա Սանդուի կառավարության հետ, որն ամեն ինչ անում է Մոլդովայում կայուն ժողովրդավարություն կառուցելու համար և որն ընդունակ է դիմակայել Ռուսաստանի հիբրիդային միջամտություններին։
«Մենք տեսնում ենք նման հիբրիդային միջամտություններ բոլոր դաշնակիցների շրջանում, բայց նաև Մոլդովայում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն այստեղ ունի իր նպատակը՝ խաթարել Մոլդովայի եվրոպամետ հետագիծը։ Մենք նրանց օգնում ենք այնտեղ, ինչպես կարող ենք»,-շեշտել է Ռյուտեն:
Նա հավելել է, որ Դաշինքը զարգացնում է Մոլդովայի պաշտպանունակությունը և օգնում է դիմակայել ապատեղեկատվական արշավներին։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք լինեն ուժեղագույնը՝ դրան դիմադրելու համար և ազատ ընտրություններ լինեն։ Եվ որպեսզի Մոլդովան զարգանա որպես ազատ հասարակություն»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ինչպես հայտնի է՝ Մոլդովան չեզոք պետություն է, և նրա բնակչության մեծամասնությունը չի պաշտպանում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարը։
Մոլդովայի մշտական չեզոքության կարգավիճակը ամրագրված է Սահմանադրության 11-րդ հոդվածում։ Այն նախատեսում է չանդամակցել ռազմաքաղաքական դաշինքներին և թույլ չի տալիս այլ պետությունների զինված ուժեր տեղակայել երկրի տարածքում։
Սակայն Մոլդովայի իշխանությունները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ՝ ամրապնդելու համար երկրի անվտանգության ու պաշտպանական կարողությունները։