Պուտինը հայտարարել է ՆԱՏՕ-ի դեմ պայքարը շարունակելու ՌԴ պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել պայքարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռազմական հատուկ գործողության ընթացքը:
«ՆԱՏՕ-ականներին հարցրեք, թե երբ կհոգնեն մեզ հետ պատերազմելուց։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ պայքարը», – ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ռուսաստանի դեմ, բայց ուկրաինական զինվորներով, իսկ Ուկրաինան չի խնայում իր զինվորներին՝ ի շահ երրորդ պետությունների։ Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման Ռուսաստանի ձգտումը թելադրված է նրանով, որ նա մտածում է իր զինվորների մասին, սակայն Ռուսաստանին երկարաժամկետ խաղաղության պայմաններ են պետք։
«Եթե մենք խոսում ենք ինչ-որ խաղաղ գործընթացների մասին, ապա դրանք չպետք է լինեն մեկ շաբաթով, երկու տարով կամ մեկ տարով զինադադարի հետ կապված գործընթացներ, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրները վերազինվեն և համալրվեն նոր զինամթերքով։ Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ, կայուն և ամուր խաղաղության պայմաններ, որոնք հավասար անվտանգություն են ապահովում այս բարդ գործընթացի բոլոր մասնակիցների համար», – ասել է Պուտինը։
Նա խաղաղության հասնելու բանակցությունների համար հիմք է անվանել փաստաթղթի նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի հարցով ստամբուլյան բանակցային գործընթացում։