
«Փյունիկ»-ը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից:
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե` կապված «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունների հետ` 6 երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության վերաբերյալ «Նոայի» ակադեմիա:
Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում:
Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին: «Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար:
Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին:
Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»:
Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»:
Օրեր առաջ սոցցանցերում լուսանկար էր տարածվել, որում «Փյունիկ»-ն արգելում էր նախկին սաներին, որոնք տեղափոխվել են «Նոա», մուտք գործել մարզադաշտ: