COP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել Հայաստանից

Ադրբեջանում կայանալիք COP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել Հայաստանից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է COP– 29–ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը` վերահաստատելով, որ հայկական կողմին հրավեր է ուղարկվել։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեռ հուլիսին հայտարարել էր, որ Հայաստանին հրավիրել են նոյեմբերին կայանալիք միջոցառմանը։

«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած մակարդակի հյուրերի»,– ասել է Սոլթանովը։

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Տեսանյութեր

Լրահոս