
Միրզոյանն ու Ֆիդանը Ստամբուլում քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ստամբուլում «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: