«Քննարկվելու է ամբողջ Կովկասում տիրող իրավիճակը». Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 17-ին «Haber Global»-ի ուղիղ եթերում խոսել է Հայաստանին առնչվող հարցերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա անդրադարձել է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափի հերթական հանդիպմանը և շեշտել, որ բացի Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարաների հանդիպումից, նրանց ընդունելու է նաև Թուրքիայի նախագահը։

Ֆիդանը շեշտել է, որ քննարկվելու են հարցեր ոչ միայն կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդրի, այլև Կովկասում տիրող իրավիճակի հետ։

Թուրք նախարարը ֆորմատը որակել է նաև «տարածաշրջանին տեր կանգնելու» հասկացության ամբողջացում։

«Մենք Կովկասի 3+3 հարթակը մյուս տարածաշրջանային նախաձեռնությունների հետ մեկտեղ այդ շրջանակում ենք գնահատում։ Տարածաշրջանին տեր կանգնելը կարևոր է»,-ասել է նա։

Նա շեշտել է, որ այս տեսակետի մասին բազմիցս բարձրաձայնել է իր Բալակններ, Մերձավոր Արևելք, Կովկաս, Աֆրիկա և Միջին Ասիա կատարած այցերի ժամանակ։

Այս համատեքստում Ֆիդանն ասել է, որ կարևոր է տարածաշրջանի պետություններն ու ազգերը համախմբվեն որևէ խնդիր լուծելու համար, ոչ թե այն թողնեն մեկ այլ՝ հեգեմոն ուժի, որն իր շահերն առաջ տանելուց և առյուծի բաժինը վերցնելուց հետո է միայն զբաղվելու իրենց խնդիրներով։

Հատկանշական է, որ որպես նմանատիպ հեգեմոն ուժի օրինակ Ֆիդանը բերել է ԱՄՆ-ին։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խնդրին՝ Ֆիդանն ընդգծել է, որ այն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Գիտեք նաև այն տեղը/դիրքորոշումը, որն ունի մեր նախագահը։ Ադրբեջանի հետ մենք արդեն մեկ ազգ, երկու պետություն ենք դարձել։ Երկու պետությունն էլ արդեն մի շարք կետերում որպես մեկ պետություն են գործում»,-հավելել է նա։

Թուրք նախարարը, այս մասին խոսելիս, ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, երկու երկրների կարևոր կառույցների միջև շատ մոտ համագործակցություն կա և նույնիսկ իրենց մոտ եղած սահմանումները, թե ով է բարեկամ և ով թշնամի։

Իր խոսքի վերջում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է իր «խթանող ուժն օգտագործել տարածաշրջանի զարգացման և բարօրության հաստատման համար»։

Տեսանյութեր

Լրահոս