Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 15-ին ժամը 14.36-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչար փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա պատանու միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17-ամյա պատանին իրենց գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են: