Օրբանը ցանկանում է խափանել Կիեւին ԵՄ վարկի տրամադրումը, որպեսզի օգնի Թրամփին. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվում է հավանություն տալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի ավելացմանը, ինչը կդժվարացնի Ուկրաինային վարկի տրամադրումն ի հաշիվ Ռուսաստանի սառեցված ակտիվների եւ կօգնի Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի դեպքում հրաժարվել Կիեւի ֆինանսավորմանը մասնակցությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։

ԵՄ երկրների ներկայացուցիչները քվեարկում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացման հարցը կես տարով։ Հոկտեմբերին միության դեսպանները համաձայնեցրել են Կիեւին 35 մլրդ եվրոյի (50 մլրդ դոլար) վարկ տրամադրելու մեխանիզմը ՌԴ սառեցված ակտիվների եկամուտներից։ Եվրոպական երկրների բեռը թեթեւացնելու նպատակով ԱՄՆ-ը պատրաստ է միանալ Կիեւի ֆինանսավորմանը, բայց երեք տարին մեկ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարացնելու պայմանով։

Այս միտքը բախվել է Հունգարիայի վարչապետի դիմադրությանը, որը դեմ է ՌԴ ԿԲ արգելափակված ակտիվներին եվրոպական այդ մոտեցման փոփոխությանը մինչեւ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հայտարարումը։ «Մենք ճնշում ենք գործադրում, բայց Օրբանը առայժմ չի հանձնվում»,- թերթին տեղեկացրել է անունը չնշած եվրոպացի դիվանագետը։

Politico-ի տեղեկացմամբ՝ Օրբանի որոշումը կարող է դրդված լինել հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցություն ցուցաբերելու ցանկությունից, որին, ըստ պարբերականի, նա համարում է իր դաշնակիցը։ Ավելի վաղ Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է դադարեցնել Կիեւի անհատույց օգնությունը, եթե իրեն հաջողվի վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնին։

Հաշվի առնելով Հունգարիայի ղեկավարի դիրքորոշումը՝ ԱՄՆ գործող վարչակազմում դիտարկում են Կիեւի ֆինանսավորմանը մասնակցության ծավալների կրճատման հնարավորությունը։ Ընդ որում, եվրոպական շատ երկրներ չեն ցանկանում իրենց հաշվին փոխհատուցել ԱՄՆ բաժնի կրճատումը, քանի որ բախվում են բյուջեի դեֆիցիտին, նշել է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս