Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայել կուղարկի հակահրթիռային համակարգ և զորքեր

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայել կուղարկի  զորքեր՝ ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգի հետ միասին՝ ուժեղացնելու հրեական պետության հակաօդային պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այս քայլը կոչված է «պաշտպանելու Իսրայելին», որը կշռադատում է Իրանի դեմ պատասխան գործողություններն այն բանից հետո, երբ Թեհրանը հոկտեմբերի 1-ին շուրջ 200 հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ:

Պենտագոնի խոսնակ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը զորքերի տեղակայումն անվանել է «վերջին ամիսներին ԱՄՆ-ի զինվորականների կողմից կատարված ավելի լայն փոփոխությունների» մաս՝ աջակցելու Իսրայելին և պաշտպանելու ամերիկյան անձնակազմին Իրանի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հարձակումներից։

Ըստ պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները մասնավոր շփումներում Իսրայելին կոչ է արել հավասարակշռել իր պատասխանը՝ խուսափելու Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ պատերազմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Բայդենը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը և իր մտահոգություններն է հայտնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հնարավոր հարվածների առնչությամբ։

Ըստ Reuters-ի՝ Իսրայելում ԱՄՆ-ի ուժերի տեղակայումը՝ զորավարժություններից զատ, հազվադեպ է լինում՝ հաշվի առնելով Իսրայելի սեփական ռազմական հնարավորությունները:

Ամերիկյան զորքերը վերջին ամիսներին աջակցել են Իսրայելի պաշտպանությանը ռազմանավերից և կործանիչներից, երբ հրեական պետությունը հայտնվել է հարձակման տակ: Սակայն այդ ուժերը տեղակայված են եղել Իսրայելից դուրս։Հրապարակման մեջ նշվում է, որ THAAD-ը ԱՄՆ բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կարևոր մասն է և զգալի հավելում կլինի Իսրայելի՝ առանց այն էլ նշանակալի հակահրթիռային պաշտպանության համար:

THAAD-ի մարտկոցի շահագործման համար սովորաբար պահանջվում է մոտ 100 զինվոր: Այն ունի բեռնատարների վրա տեղադրված վեց մեկնարկային կայանքներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կա ութ կալանիչ և հզոր ռադար:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «վտանգի տակ է դնում իր զինվորների կյանքը՝ նրանց տեղակայելով Իսրայելում՝ ամերիկյան հրթիռային համակարգերի շահագործման համար»:

«Թեև մենք վերջին օրերին հսկայական ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին և շահերը պաշտպանելու հարցում», – գրել է Արաղչին X սոցիալական հարթակում:

Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցել է հրթիռների մեծ մասը։ Իսրայելը խոստացել է պատասխանել Իրանի հարձակմանը, երբ անհրաժեշտ համարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս