Իրանը հայտարարել է, որ նախապես տեղեկացված չի եղել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Թեհրանը նախապես տեղեկացված է եղել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակվելու ծրագրի մասին:
«Չնայած Դոհայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք նույնպես ոչինչ չեն իմացել այս գործողության մասին, և որ ողջ պլանավորումը, որոշումների կայացումը և ուղղորդումը կատարել է բացառապես Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, ցանկացած հայտարարություն, որը փորձում է այն կապել Իրանի կամ «Հեզբոլլահի» հետ, մասամբ կամ ուղղակիորեն, լիովին զուրկ է արժանահավատությունից և հիմնված է շինծու փաստաթղթերի վրա», շաբաթ օրը Newsweek-ին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ձեռք է բերել գաղտնի փաստաթղթեր, որոնցում պնդում է արվում, որ Իրանը տեղեկացված է եղել ՀԱՄԱՍ-ի գործողության իրականացման ծրագրի մասին: