Թեհրանը խոստացել է պատասխանել այն երկրներին, որոնք թույլ կտան իրենց տարածքներն օգտագործել Իրանի դեմ հարձակման համար

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի այն երկրներին, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքները Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարձակումների համար:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հարևան երկրների օդային տարածությունն ու տարածքը չպետք է օգտագործվեն մեր երկրի վրա հարձակվելու համար»,- շաբաթ օրը Լիբանան կատարած այցի ժամանակ ասել է Ղալիբաֆը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին:

Ըստ նրա, Իրանը վստահ է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր հարևանները հաշվի են առնում այս հարցը, ինչպես նախկինում պարտավորվել էին չօգտագործել իրենց տարածքները Իրանի դեմ։

«Մենք խաղաղ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Սակայն, եթե երրորդ երկրի տարածքն օգտագործվի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիա իրականացնելու համար, մեր պատասխանը կլինի պարզ ու բնական։ Որովհետև մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք ցանկացած տարածքի նկատմամբ, որտեղից հարձակում կսկսվի Իրանի վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ցանկանում, որ պատերազմը ընդլայնվի, սակայն, անկասկած, հզոր և պատշաճ կերպով կպատասխանենք մեր երկրի վրա ցանկացած հարձակման»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Նա նաև մեկնաբանել է հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իրականացրած հրթիռային հարձակումը։

«Այս գործողության ընթացքում մեր պատասխանը ռազմական բնույթ էր կրում, քանի որ մենք հարձակվեցինք միայն իսրայելական ռեժիմի ռազմակայանների, հետախուզության և անվտանգության ծառայությունների վրա»,- պարզաբանել է նա:

«Մենք չենք վախենում թշնամուց և այս ուղևորությունն իրականացրել ենք միջազգային օրենքներին համապատասխան»,- հավելել է նա։

Ղալիբաֆը նաև վերահաստատել է Իրանի աջակցությունը Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին։

Տեսանյութեր

Լրահոս