«Պաշտպանական դոկտրինը վերանայելու պատգամավորների նախաձեռնությամբ Թեհրանը ազդակ է հղում, որ պատրաստ է վերանայել միջուկային զենքի մասին դրույթը». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Մեկ շաբաթ առաջ եղավ անանուն աղբյուրով տեղեկություն, որ հոկտեմբերի 4-ին՝ ուրբաթ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կարող է խոսել անվտանգության դոկտրինը վերանայելու մասին, այլ կերպ ասած՝ հանել իր իսկ սահմանած արգելքը միջուկային զենք մշակելու մասին: Իրանում կա Գերագույն հոգեւոր առաջնորդի այդ արգելքը:

Հոկտեմբերի 4-ին չեղավ որևէ այդպիսի իրադարձություն: Բայց, ահա այսօր կա տեղեկություն, որ Իրանի խորհրդարանի 39 պատգամավոր այդ արգելքը հանելու խնդրանքով դիմել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին: Այլ կերպ ասած, տեղեկությունը, որ Իրանը ունի այդպիսի մտադրություն, հաստատվում է, թեև ոչ այն ձևով, որ տարածվել էր նախորդ շաբաթ՝ Իսրայելին Իրանի հրթիռային հարվածից հետո:

Այսօր ԱՄՆ-ում Բայդենն ու Նաթանյահուն քննարկելու են Իրանին Իսրայելի հնարավոր պատասխանը: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը դեմ է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելուն:

Պաշտպանական դոկտրինը վերանայելու պատգամավորների նախաձեռնությամբ Թեհրանը թերևս ազդակ է հղում, որ գործնականում պատրաստ է վերանայել միջուկային զենքի մասին դրույթը: Իսկ Իրանի դեպքում, ըստ իս, գործ ունենք արդեն գոյություն ունեցող միջուկային զենքի հետ, պարզապես կա դրա ֆորմալացման հարց:

Ըստ ամենայնի, պատգամավորների նախաձեռնությամբ Թեհրանը թերևս փորձում է ազդել Բայդեն-Նաթանյահու քննարկման վրա»:

Տեսանյութեր

Լրահոս