
ՀՀ-ն հույս ունի մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի դրույթները կստորագրեն մոտակա չորս շաբաթների ընթացքում։
Վահագն Խաչատուրյանը այս մասին հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում։ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Երևանը հույս ունի, որ Բաքուն կստորագրի համաձայնեցված հոդվածները մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:
ՀՀ նախագահը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը հենց հիմա կստորագրեր խաղաղության պայմանագիրը, եթե դա կախված լիներ միայն հայկական կողմից։
«Հուսով ենք, որ վաղ թե ուշ մենք կհասնենք այդ կետին»,- ասել է Խաչատուրյանը։ ՀՀ նախագահը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն, անդրադառնալով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նշել է, որ դրանք լավ են ընթանում, և քննարկվում է երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը։
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել», – իր խոսքում նշել է ՀՀ նախագահը։