Բաժիններ՝

ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ին, Չինաստանին, Կուբային և Իրանին մեղադրել է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի պաշտոնյաներից մեկը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Իրանն «ակտիվացրել են նախագահական և ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններին միջամտելու փորձերը»: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:The Associated Press-ը գրում է, որ այս նախազգուշացումն ընդգծում է այն սպառնալիքը, որը առցանց ապատեղեկատվությունը ներկայացնում է պետական և տեղական ընտրությունների համար:

Գործակալությունը հաղորդում է, որ, ԱՄՆ հետախուզության տվյալներով, Ռուսաստանը փորձում է «խաթարել Կոնգրեսի այն թեկնածուների հանդեպ աջակցությունը, որոնք հանդես են գալիս Ուկրաինային օգնություն ցուցաբերելու օգտին»։

CNN-ը պնդում է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը կրկին փորձում է առաջ մղել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը։

The Associated Press-ը գրում է, որ Չինաստանը «թիրախավորում է երկու կուսակցությունների թեկնածուներին՝ հիմնվելով Պեկինի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ Թայվանին աջակցելու վերաբերյալ նրանց դիրքորոշումների վրա»։

Միևնույն ժամանակ, CNN-ի հրապարակման համաձայն, «Չինաստանը ջանքեր չի գործադրել՝ ազդելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի միջև պայքարի վրա»։ԱՄՆ հետախուզությունը մեղադրում է Կուբայի կառավարությանն այն թեկնածուների առաջխաղացմանն ուղղված գործողություն իրականացնելու մեջ, որոնք, ըստ իրենց, կնպաստեն կղզու հետ հարաբերությունների բարելավմանը, օրինակ՝ տնտեսական պատժամիջոցների մեղմացման միջոցով:

Իրանը, ինչպես նշվում է The Associated Press-ի նյութում, նախընտրում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին և դեմ է հանդես գալիս հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրմանը, քանի որ կարծում է, թե նա «ամենայն հավանականությամբ կսրի լարվածությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերություններում»։Բոլոր չորս երկրները հերքում են ընտրություններին միջամտելու փորձերի մասին մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս