Բաժիններ՝

Ֆլորիդային է մոտենում ևս մեկ հզոր փոթորիկ՝ «Հելեն»-ի ավերածություններից հետո

«Միլթոն» փոթորիկի մոտենալու պատճառով ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի ավելի քան մեկ միլիոն բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։

Ֆլորիդայի արևմտյան ափը, որտեղ դեռ չեն վերացրել «Հելեն» ավերիչ փոթորկի հետևանքները, պատրաստվում է հաջորդ փոթորկին, որը տեղ կհասնի հոկտեմբերի 9-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նախքան Ֆլորիդա հասնելը 5-րդ աստիճանի ուժգնությամբ «Միլթոն» փոթորիկը հոկտեմբերի 8-ին կմոլեգնի Մեքսիկայի Յուկատան թերակղզում։ Փոթորկի քամիների առավելագույն արագությունը հասնում է 270 կմ/ժամի։

Ֆլորիդա հասնելիս, ըստ օդերևութաբանների, փոթորիկը կդառնա 4-րդ աստիճանի ուժգնության. քամիների արագությունը փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 233 կմ/ժամի: Սա նշանակում է, որ կլինեն լուրջ ավերածություններ, այդ թվում՝ էլեկտրամատակարարման խափանումներ։

Ֆլորիդայի՝ փոթորկի ճանապարհին ընկած հատվածների բնակիչներին տարհանվելու համար ընդամենը մեկ օր է մնացել։ Իշխանություններն ակնկալում են երթևեկության խցանումներ, բենզալցակայաններում հերթեր։

Սեպտեմբերի 26-ին Ֆլորիդային հարվածել էր «Հելեն» փոթորիկը։ ԱՄՆ վեց նահանգներում «Հելեն»-ն ավելի քան 200 մարդու կյանք է խլել և միլիարդավոր դոլարի վնաս պատճառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս