Բաժիններ՝

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են համապատասխան փաստաթղթերը, կատարվել է դիակի արտաքին զննություն, փորձագետների մասնակցությամբ վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաթմրաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ՝ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։

Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ դեպքի իրական հանգամանքները և վարույթի համար այլ նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս