«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության» առցանց ալիքները ենթարկվել են հաքերային մասշտաբային հարձակման
«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն» մեդիա հոլդինգը (ՎԳՏՌԿ) հայտնել է աննախադեպ հաքերային հարձակման մասին, որին ենթարկվել են ընկերության առցանց ծառայությունները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Հոկտեմբերի 7-ի գիշերը ՎԳՏՌԿ-ի առցանց ծառայությունները ենթարկվել են աննախադեպ հաքերային հարձակման, սակայն մեդիա հոլդինգի աշխատանքին էական վնաս չի հասցվել», – «Ինտերֆաքս»-ին ասել են ՎԳՏՌԿ-ից:
Ընկերությունում նշել են, որ չնայած հոլդինգի դաշնային հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումն ընդհատելու փորձերին, «ամեն ինչ աշխատում է ըստ նախատեսվածի, էական սպառնալիք չկա»։
«Հոլդինգի մասնագետներն աշխատում են այդ վնասակար միջամտության հետևանքները վերացնելու ուղղությամբ», – ընդգծել են ՎԳՏՌԿ-ում։
Ուկրաինայի ուժային կառույցներից BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Sudo rm-RF» ուկրաինամետ հաքերական խմբավորումը։ Սա, ըստ հրապարակման, կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա հետ։
Դադարել է «Ռոսիյա-1», «Ռոսիյա-24», «Ռոսիյա կուլտուրա» և 20-ից ավելի այլ հեռուստաալիքների օնլայն հեռարձակումը։