ԿԳՄՍՆ-ն 49 միլիոնանոց դրամաշնորհ է տվել սեմինարի համար

Հոկտեմբերի 8-13-ը Մատենադարանում կանցկացվի «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր ու տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման տեխնոլոգիաները» միջազգային սեմինարը։ Այս նպատակով Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն օրերս աստղաբաշխական դրամաշնորհ է տվել «Ազգային ստեղծարար միավորում» h/կ-ին։

Դրամաշնորհի պայմանագրի գինը 49 միլիոն դրամ է․ գումարի շրջանակում հասարակական կազմակերպությունը ստանձնել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր ու տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի կազմակերպումը։ Սեմինարի մասնակիցների թիվ է նշվել 100-ը, որոնցից 35-ն արտերկրի ներկայացուցիչներ են։

Պայմանագրում ծրագրի նպատակ է նշվել թանգարանների, արխիվների, գրադարանների վերականգնողների, երիտասարդ աշխատակիցների հմտությունների որակավորման բարձրացումը և բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի նորարարություններին ծանոթանալը։

Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրված ֆինանսական աջակցությունից՝ 49 միլիոն դրամից, շուրջ 16 միլիոն դրամն, ըստ նախահաշվի, նախատեսված է ուղղել արտերկրի հյուրերի ճանապարհածախսին։ Մատնանշվել են Կատար, Եգիպտոս, Լիբանան, Հնդկաստան, Եթովպիա, Եվրոպա, Իրան, Վրաստան, ԱՊՀ, ԱՄՆ, Բալթյան ուղղությունները։

Կարդացեք նաև

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության կողմից սա միակ դրամաշնորհը չէ, որ տրվել է այս հ/կ-ին․ 2022 թվականին «Ազգային ստեղծարար միավորում» հ/կ-ն դարձյալ նույն սեմինարի կազմակերպման համար ստացել է շուրջ 4 միլիոն դրամ, իսկ 2023 թվականին՝ 8 միլիոն դրամ։

Մամուլում, ի դեպ, հրապարակումներ են եղել «Ազգային ստեղծարար» հ/կ-ի և ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ապա Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնած Արա Խզմալյանի հետ փոխկապակցվածության մասին։

Տեսանյութեր

Լրահոս