Գրիգոր Մինասյանը գնաց, Անդրեասյանն էլ կգնա. էս հաշիվն ո՞վ է փակելու. Դավիթ Հարությունյան

«Զուտ խուսափում են փաստել, որ գործի քննությունն անցկացնում են դռնփակ: Փոխաբերական իմաստով ստացվում է մի իրավիճակ, երբ ասում են՝ համեցե՛ք մեր տուն, բայց դուռը փակ է»,- այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) բակում լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը, ով իր ներկայացուցչի հետ եկել էր մասնակցելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ իր վերաբերյալ կարգապահական վարույթի վերանայմանը, սակայն, ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս վերջինիս թույլ չտրվեց մասնակցել վարույթին՝ ո՛չ որպես կողմ, ո՛չ որպես պարզապես ունկնդիր:

Եվ թեպետ ԲԴԽ-ն խուսանավում է, թե նիստը դռնբաց է, սակայն… Փաստն այն է, որ, այսպես կոչված, դռնբաց նիստին դատավորը մասնակցել չի կարողանում:

«Մենք հերթականությամբ բացարկ ենք հայտնել Կարեն Անդրեասյանին, Երանուհի Թումանյանցին, Քրիստինե Մկոյանին, Արթուր Աթաբեկյանին ու Հայկ Գրիգորյանին: Դա պայմանավորված է Կարեն Անդրեասյանի՝ նրանց նկատմամբ ունեցած հնարավոր անօրինական ազդեցությամբ»,- ասաց դատավորը:

Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) այս գործի քննությանը տրվել է առաջնահերթություն: Ըստ դատավորի՝ հնարավոր է՝ ՄԻԵԴ-ն արձանագրի, որ առկա չէ պատշաճ դատարան, որը կվերանայի դատավորի գործը, և վերջինս ենթակա է ուղղակի վերականգնման:

Կարդացեք նաև

«Արդարադատության նախարարը հրաժարական է տվել: Ավել բան չեմ ուզում ասել, հեռացավ: Նրանից հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը: Բայց խնդիրը հետևյալն է՝ էս ամեն ինչի հաշիվն ո՞վ է փակելու: Նույնն է թե՝ մեկը գնա ռեստորան, հետո տա, փշրի այդտեղ ամեն ինչ ու գնա: Այդ հաշիվներն ո՞վ է փակելու: Ո՞վ է դրա պատասխանը տալու»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վերջինս նշեց՝ պատասխանատվություն լինելու է անպայման, բայց ամեն բան իր ժամանակն ունի:

«ԲԴԽ անդամներն այնպիսի ազդեցության տակ են, որ կաշկանդվում են որևէ գործողություն իրականացնել, անգամ որևէ բան քննարկել… ԲԴԽ անդամները գտնվում են Կարեն Անդրեասյանի ապօրինի ազդեցության տակ: Դրա օրինակները բազմաթիվ են: Կարեն Անդրեասյանը միանձնյա որոշում է կայացնում, մնացածն ուղղակի ենթարկվում են»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ վերհիշելով, որ երբ մի տարի առաջ իր վարույթի ժամանակ ԲԴԽ դատավոր անդամ Քրիստինե Մկոյանը ցանկացել է իրեն հարց տալ, Կարեն Անդրեասյանը թույլ չի տվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս